Լոնդոնի ամառային դպրոցները հայտարարում են ընդունելություն հայ ուսանողների համար PDF Տպել

 

ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի Ռոբերտ Շումանի անվան դահլիճում, մայիսի 10-ին տեղի ունեցավ հանդիպում Ռիջենթ քոլեջի ներկայացուցիչ պարոն Սթիվ Ֆիլլիպսի հետ: Հանդիպման ընթացքում Ս.Ֆիլլիպսը ներկայացրեց Լոնդոնում ամառային դպրոցներում ուսանելու լայն հնարավորությունները, որոնց շնորհիվ ուսանողները ձեռք են բերում ոչ միայն անգլերենի խորը գիտելիքներ, այլև հնարավորություն են ստանում ծանոթանալ անգլիական մշակույթին, կրթական համակարգին, կիսվել իրենց գիտելիքներով և փորձով:

Հանդիպմանը ներկա էին տարբեր ուսումնական հաստատություններից ուսանողներ, որոնք մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին ներկայացված ծրագրերի նկատմամաբ: Ս.Ֆիլլիպսը առավել մանրամասնությամբ ներկայացրեց Ռիջենթ քոլեջի ամառային ծրագրերը, որոնք նախատեսված են 16-21 տարեկան երիտասարդների համար: Դասընթացների տևողությունը կազմում է երկու շաբաթից մինչև ութ շաբաթ` շաբաթական 15 դասաժամ: Դասընթացները վճարովի են: Դասընթացներն ավարտելուն պես ուսանողներին տրվում են համապատասխան հավաստագրեր: Ծրագիրը հոգում է ուսանողների բնակարանային կարիքները, ապահովում է ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ գրականությամբ և նյութերով:

Հանդիպումն անցավ աշխատանքային ջերմ մթնոլորտում, ինչին հաջորդեց բուռն քննարկումը: Ս.Ֆիլլիպսը հույս հայտնեց, որ հայ ուսանողները կօգտագործեն նման հնարավորությունը` իրենց հմտություններն ու փորձը զարգացնելու նպատակով:

Նշենք նաև, որ առաջիկայում ակնկալվում է ԵՊՀ-ում ստեղծել կենտրոն, որի գործունեությունն ուղղված կլինի ուսանողությանը նմանօրինակ հնարավորություններին հաղորդակից դարձնելուն: