ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ, 5-ՐԴ ԲԱՆԱՎԵՃ |
|
|
Եվրոպական ակումբի հինգերորդ հանդիպման ընթացքում քննարկվել է «Գլոբալ աշխարհաքաղաքական գործընթացների անդրադարձը տարածաշրջանում (Հարավային Կովկաս)» թեման: Փակ հանդիպման բանախոսները՝ Ամանդա Փոլը (Եվրոպական քաղաքականության կենտրոն, Բելգիա) և Բենիամին Պողոսյանը (Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ, Հայաստան), ներկայացրել են իրենց վերլուծությունները և պատասխանել հայ փորձագետների, գիտնականների, պետական մարմինների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հարցերին:
Եվրոպական ակումբը ստեղծվել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի (Երևանի պետական համալսարան) և Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցությամբ:
Բանավեճի ընթացքում քննարկվեցին բազմաթիվ հարցեր, ինչպիսիք են` ԵՄ-ի հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ` հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտությունը, ԵՄ-ի համար Հարավային Կովկասի առաջնահերթ տարածք լինելը, ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները և դրանց ազդեցությունը ԵՄ-ի և Հարավային Կովկասի երկրների վրա, ԵՄ-ի համար Հարավային Կովկասում տիրող խնդիրների լուծման կարևորութունը, Ռուսաստանի Դաշնության ազդեցությունը Հայաստանի վրա և ԵՄ-ին անդամագրվելու Վրաստանի հնարավորությունները:
 |